Բոլոր հյուրերը համամիտ էին,
որ դա իդեալական հարսանիք էր:
Փեսացուն Օրֆեուսն էր՝
պոետներից և երգիչներից ամենահռչակավորը:
Հարսնացուն Էվրիդիկն էր՝
անտառի հավերժահարսը:
Ցանկացածը կարող էր փաստել,
որ երկուսն էլ իսկապես սիրում էին իրար:
Հանկարծ Էվրիդիկը սայթաքեց և
ընկավ գետնին:
Երբ Օրֆեուսը վազեց նրա մոտ,
հավերժահարսն արդեն մահացել էր,
իսկ օձը, որը կծել էր նրան,
խոտերի միջով սողալով հեռացավ:
Էվրիդիկի թաղումից հետո
Օրֆեուսի վիշտն այնքան մեծ էր,
որ որոշեց հեռանալ
կենդանի մարդկանց աշխարհից:
Նա որոշեց սիրելիին փրկելու համար
գնալ մահացածների երկիր՝
մի վայր, որտեղից ոչ մի կենդանի էակ
դեռ չի վերադարձել:
Երբ Օրֆեուսը հասավ
անդրաշխարհի դարպասներին,
սկսեց նվագել քնարի վրա:
Մեղեդին այնքան գեղեցիկ էր, որ
Կերբերոսը՝ երեքգլխանի կատաղած շունը,
որ հսկում էր մեռյալներին,
հանգիստ պառկեց՝ թողնելով,
որ Օրֆեուսն անցնի:
Քարոնին՝ մահացածների հոգիները Ստիքս գետով
Հադեսի թագավորություն տեղափոխողին,
այնքան էր դուր եկել մեղեդին, որ նա
Օրֆեուսին անվճար տեղափոխեց մյուս ափ:
Երբ Օրֆեուսը մտավ Հադեսի և Պերսեփոնեի՝
մահացածների թագավորի և թագուհու ամրոց,
սկսեց երգել:
Նա երգում էր Էվրիդիկի հանդեպ
իր սիրո մասին
և ասում, որ իր սիրելիին
շատ վաղ տարան իրենից հեռու:
Կգա այն օրը, երբ Էվրիդիկը, բոլորի պես,
հավերժ կմնա մահացածների թագավորությունում:
Մի՞թե Հադեսը չէր կարող նրան
ևս մի քանի տարի շնորհել Երկրի վրա:
Երբ Օրֆեուսն ավարտեց իր երգը,
դժոխքում ամեն բան կանգ առավ:
Սիզիֆն այլևս չէր գլորոմ
իր քարը դեպի բլրի գագաթը։
Տանտալոսը գլուխը չձգեց դեպի այն ջուրը,
որից նա իրավունք չուներ խմել:
Անգամ Ֆուրիաները՝ վրեժխնդրության
դիվային աստվածուհիներն էին լալիս։
Հադեսն ու Պերսեփոնեն խոստացան կատարել
Օրֆեուսի խնդրանքը մի պայմանով.
նա մահացածների թագավորությունից
պետք է դուրս գա առանց հետ նայելու՝
և ստուգելու՝
արդյոք Էվրիդիկը նույնպես գալիս է, թե ոչ:
Եթե հետ նայի, Էվրիդիկը հավերժ կմնա
մահացածների թագավորությունում:
Օրֆեուսը սկսեց քայլել դեպի դուրս:
Ամեն քայլի հետ
նա ավելի ու ավելի էր ցանկանում իմանալ՝
արդյոք Էվրիդիկը գալիս է իր հետևից:
Նա ոչինչ չէր լսում,
բայց չէ՞ որ ոտնաձայներ պետք է լինեին:
Երբ նա գրեթե դուրս էր եկել անդրաշխարհից
ու անցել դեպի շողացող լույսը
չդիմացավ:
Օրֆեուսը փորձեց հետ վերադառնալ անդրաշխարհ,
բայց նրա համար դռները փակ էին:
Էվրիդիկային կորցնելու պատճառով
Օրֆեուսը երդվեց այլևս չսիրել ոչ մի կնոջ:
Փոխարենը նա նստում էր
ծառերի պուրակի մոտ
և երգում երգեր սիրահարների մասին:
Հանիմեդ անունով գեղեցիկ մի տղա կար,
ում Զևսը դարձրել էր Աստվածներին
գինի մատակարարող:
Կար նաև Միրան,
ով սիրում էր հորը և դրա համար պատժված էր,
և կար Պիգմալիոնը,
ով փղոսկրից քանդակել էր կնոջ իր իդեալը,
իսկ հետո աղոթել Վեներային այնքան,
մինչև նա քանդակը կենդանացնի:
Եվ հենց ինքը՝ Վեներան,
ում գեղեցիկ սիրեցյալին՝ Ադոնիսին
սպանել էր վայրի վարազը:
Ասես Օրֆեուսի սերն ու կորուստը
տվել էին նրան կարողություն՝
տեսնելու Աստվածների և մարդկանց սրտերը:
Բայց որոշների համար
պոեզիան բավարար չէր:
Մենադաներ կոչվող վայրի կանանց մի խմբի
դուր չէր գալիս այն փաստը, որ բանաստեղծը,
ով այդքան գեղեցիկ էր երգում սիրո մասին,
երբեք չի սիրի նրանց:
Այդ խանդը հասցրեց նրանց կատաղության
և նրանք կտոր-կտոր արեցին
խեղճ Օրֆեուսին:
Թռչունները՝ բնության երգիչները,
սգում էին Օրֆեուսի մահը,
ինչպես և գետերը, որոնց ձայները
մեղեդի էին դառնում:
Աշխարհը կորցրեց երկու գեղեցիկ հոգիների:
Օրֆեուսն ու Էվրիդիկն այնքան ուժգին էին
սիրում իրար, որ երբ իրարից հեռու էին,
Օրֆեուսը հասկացավ, որ սիրահարների ցավն
ու երջանկությունն ամենուր է:
Եվ այդպես ստեղծվեց արվեստի նոր ձև՝
սիրային պոեզիա:
Չնայած ողջ աշխարհը սգում էր,
Օրֆեուսը գտավ իր խաղաղությունն ու երկրորդ
կեսին մահացածների թագավորությունում:
Մինչ այսօր էլ նա այնտեղ քայլում է
Էվրիդիկի հետ Ստիքս գետի ափով:
Երբեմն նրանք քայլում են կողք կողքի,
երբեմն Էվրիդիկը քայլում է նրանից առաջ,
իսկ երբեմն էլ Օրֆեուսն է գնում նրանից առաջ
և շրջվում՝ նայելու նրան
այնքան, որքան ցանկանա: