Բոլոր հյուրերը համամիտ էին, որ դա իդեալական հարսանիք էր: Փեսացուն Օրֆեուսն էր՝ պոետներից և երգիչներից ամենահռչակավորը: Հարսնացուն Էվրիդիկն էր՝ անտառի հավերժահարսը: Ցանկացածը կարող էր փաստել, որ երկուսն էլ իսկապես սիրում էին իրար: Հանկարծ Էվրիդիկը սայթաքեց և ընկավ գետնին: Երբ Օրֆեուսը վազեց նրա մոտ, հավերժահարսն արդեն մահացել էր, իսկ օձը, որը կծել էր նրան, խոտերի միջով սողալով հեռացավ: Էվրիդիկի թաղումից հետո Օրֆեուսի վիշտն այնքան մեծ էր, որ որոշեց հեռանալ կենդանի մարդկանց աշխարհից: Նա որոշեց սիրելիին փրկելու համար գնալ մահացածների երկիր՝ մի վայր, որտեղից ոչ մի կենդանի էակ դեռ չի վերադարձել: Երբ Օրֆեուսը հասավ անդրաշխարհի դարպասներին, սկսեց նվագել քնարի վրա: Մեղեդին այնքան գեղեցիկ էր, որ Կերբերոսը՝ երեքգլխանի կատաղած շունը, որ հսկում էր մեռյալներին, հանգիստ պառկեց՝ թողնելով, որ Օրֆեուսն անցնի: Քարոնին՝ մահացածների հոգիները Ստիքս գետով Հադեսի թագավորություն տեղափոխողին, այնքան էր դուր եկել մեղեդին, որ նա Օրֆեուսին անվճար տեղափոխեց մյուս ափ: Երբ Օրֆեուսը մտավ Հադեսի և Պերսեփոնեի՝ մահացածների թագավորի և թագուհու ամրոց, սկսեց երգել: Նա երգում էր Էվրիդիկի հանդեպ իր սիրո մասին և ասում, որ իր սիրելիին շատ վաղ տարան իրենից հեռու: Կգա այն օրը, երբ Էվրիդիկը, բոլորի պես, հավերժ կմնա մահացածների թագավորությունում: Մի՞թե Հադեսը չէր կարող նրան ևս մի քանի տարի շնորհել Երկրի վրա: Երբ Օրֆեուսն ավարտեց իր երգը, դժոխքում ամեն բան կանգ առավ: Սիզիֆն այլևս չէր գլորոմ իր քարը դեպի բլրի գագաթը։ Տանտալոսը գլուխը չձգեց դեպի այն ջուրը, որից նա իրավունք չուներ խմել: Անգամ Ֆուրիաները՝ վրեժխնդրության դիվային աստվածուհիներն էին լալիս։ Հադեսն ու Պերսեփոնեն խոստացան կատարել Օրֆեուսի խնդրանքը մի պայմանով. նա մահացածների թագավորությունից պետք է դուրս գա առանց հետ նայելու՝ և ստուգելու՝ արդյոք Էվրիդիկը նույնպես գալիս է, թե ոչ: Եթե հետ նայի, Էվրիդիկը հավերժ կմնա մահացածների թագավորությունում: Օրֆեուսը սկսեց քայլել դեպի դուրս: Ամեն քայլի հետ նա ավելի ու ավելի էր ցանկանում իմանալ՝ արդյոք Էվրիդիկը գալիս է իր հետևից: Նա ոչինչ չէր լսում, բայց չէ՞ որ ոտնաձայներ պետք է լինեին: Երբ նա գրեթե դուրս էր եկել անդրաշխարհից ու անցել դեպի շողացող լույսը չդիմացավ: Օրֆեուսը փորձեց հետ վերադառնալ անդրաշխարհ, բայց նրա համար դռները փակ էին: Էվրիդիկային կորցնելու պատճառով Օրֆեուսը երդվեց այլևս չսիրել ոչ մի կնոջ: Փոխարենը նա նստում էր ծառերի պուրակի մոտ և երգում երգեր սիրահարների մասին: Հանիմեդ անունով գեղեցիկ մի տղա կար, ում Զևսը դարձրել էր Աստվածներին գինի մատակարարող: Կար նաև Միրան, ով սիրում էր հորը և դրա համար պատժված էր, և կար Պիգմալիոնը, ով փղոսկրից քանդակել էր կնոջ իր իդեալը, իսկ հետո աղոթել Վեներային այնքան, մինչև նա քանդակը կենդանացնի: Եվ հենց ինքը՝ Վեներան, ում գեղեցիկ սիրեցյալին՝ Ադոնիսին սպանել էր վայրի վարազը: Ասես Օրֆեուսի սերն ու կորուստը տվել էին նրան կարողություն՝ տեսնելու Աստվածների և մարդկանց սրտերը: Բայց որոշների համար պոեզիան բավարար չէր: Մենադաներ կոչվող վայրի կանանց մի խմբի դուր չէր գալիս այն փաստը, որ բանաստեղծը, ով այդքան գեղեցիկ էր երգում սիրո մասին, երբեք չի սիրի նրանց: Այդ խանդը հասցրեց նրանց կատաղության և նրանք կտոր-կտոր արեցին խեղճ Օրֆեուսին: Թռչունները՝ բնության երգիչները, սգում էին Օրֆեուսի մահը, ինչպես և գետերը, որոնց ձայները մեղեդի էին դառնում: Աշխարհը կորցրեց երկու գեղեցիկ հոգիների: Օրֆեուսն ու Էվրիդիկն այնքան ուժգին էին սիրում իրար, որ երբ իրարից հեռու էին, Օրֆեուսը հասկացավ, որ սիրահարների ցավն ու երջանկությունն ամենուր է: Եվ այդպես ստեղծվեց արվեստի նոր ձև՝ սիրային պոեզիա: Չնայած ողջ աշխարհը սգում էր, Օրֆեուսը գտավ իր խաղաղությունն ու երկրորդ կեսին մահացածների թագավորությունում: Մինչ այսօր էլ նա այնտեղ քայլում է Էվրիդիկի հետ Ստիքս գետի ափով: Երբեմն նրանք քայլում են կողք կողքի, երբեմն Էվրիդիկը քայլում է նրանից առաջ, իսկ երբեմն էլ Օրֆեուսն է գնում նրանից առաջ և շրջվում՝ նայելու նրան այնքան, որքան ցանկանա: