«Հակադրությունների խաղը»
Նվիրվում է Պատրիսիա Մեյշին
Այսօր ես և իմ աշակերտները խաղում էինք
հակադրությունների խաղը:
Գրատախտակին գրեցի
Էմիլի Դիքինսոնի հետևյալ ցիտատը.
«Իմ կյանքն ասես
մի լիցքավորված ատրճանակ լիներ»:
Հետո մի պահ դադար տվեցի, որ նրանք
կարողանան ասել բառերի հականիշները:
Իմ - քո,
կյանք - մահ,
լինել - չլինել,
մի - բազմաթիվ,
լիցքավորված - դատարկ,
ատրճանակ…
Ատրճանակ:
Մի ակնթարթ,
կայծակի լույսի ու ձայնի միջև դադարի նման,
աշակերտները սևեռուն ինձ նայեցին,
որին հաջորդեց պատասխանների տարափը.
- Ծաղիկ, - ասաց մեկը:
-Չէ, գիրք, - ասաց մյուսը:
- Հիմարություն, - բացականչեց երրորդը, –
ատրճանակի հակառակը բարձն է,
կամ, ասենք գրկախառնությունը:
Բայց ոչ գիրքը, հնարավոր չէ՝ գիրքը լինի:
Այդ պահին բոլորը հավաքեցին իրենց մտքերն
ու հանկարծ սկսեցին բղավել՝
մեկը մյուսին հերթ չտալով:
Հնարավոր չէր ընդհանուր հայտարարի գալ.
ամեն աշակերտի համար
իր պատասխանը վերջնական էր.
-Երգ է, աղոթք, ավելի ճիշտ՝ խոստում,
ամուսնական մատանու պես, և հետո՝ երեխա:
Կամ ո՞վ է ծնունդ ընդունողը,
ինչպե՞ս են անվանում նրան:
- Մանկաբարձուհի՞:
- Հա՛, հա՛, մանկաբարձուհի:
- Չէ՛, սխալ է:
Դու այնքան սխալ ես,
որ էլ երբեք ճիշտ չես լինի:
Շշուկ է, աստղ է։
Ասես մեկի ձեռքին սիրո խոսքերն ասես, հետո
ականջին դիպչես հակառակն անելու փոխարեն:
- Գժվե՞լ ես:
Ոնց որ Հիմարաստանի նախագահը լինես:
Իսկը քեզ համար է, ե՞րբ են ընտրություններդ:
- Փափուկ արջուկ է,
թուր և ընտիր, կատարյալ դեղձ:
- Վերադառնանք առաջինին:
Ծաղիկ է, մի սպիտակ վարդ:
Երբ զանգը հնչեց, վերցրի ջնջոցը,
որ գրատախտակը մաքրեմ,
բայց մի աղջիկ խլեց այն ձեռքիցս:
- Ոչինչ դեռ որոշված չէ, - ասաց, -
մենք դեռ չենք ավարտել:
Ես բոլոր պատասխանները թողեցի գրատախտակին:
Հաջորդ օրը նրանցից ոմանք
իրար հետ չէին խոսում. խմբերի էին բաժանվել՝
ծաղկի խումբ, փիսիկի խումբ:
Երկու տղաներ էլ
իրենց կոչում էին «Ձնագնդեր»:
Մյուսները հավատարիմ էին մնացել
խաղի նախնական գաղափարին,
այն է՝ բանաստեղծության պես մի բան գրել:
- Ադամանդ է: Պար է:
Ատրճանակի հակառակը
ֆրանսիական մի թանգարան է:
Լուսինն է, հայելի է,
զանգի ձայնն է ու այն լսողը:
Վեճը նոր թափ առավ,
նորից աղմուկ, և ահա՝ ևս մեկ խումբ:
Առաջին անգամ ես համարձակվեցի
ուղղորդել նրանց:
- Միգուցե բոլորդ ճիշտ եք,- ասացի:
Դե, միգուցե:
- Միգուցե այն ամենն է՝ ինչ ասացինք,
և մնացածը, որ դեռ չենք ասել:
Բառերն են, ու բառերի համար
թողնված դատարկ տեղերը:
Սկսեցին իրար նայել:
Ամեն ինչն է այս սենյակի մեջ
ու սենյակից դուրս,
փողոցով մեկ ու երկնքում:
Ամենքն են՝ դպրոցում ու առևտրի կենտրոնում,
և հիվանդանոցում ու փոստային գրասենյակում
իրենց հերթին սպասող բոլոր մարդիկ։
Ու, դե հա, ծաղիկ էլ է, բոլոր ծաղիկները,
մի ամբողջ ծաղկանոց:
Ատրճանակի հակառակն այն է,
ինչին այն ուղղում ես:
- Մի՛ գրեք դա գրատախտակին, -
ասացին նրանք:
- Պարզապես ասեք՝ «բանաստեղծություն»:
Քո մահը կարտացոլվի բազմաթիվ
«պարպված» բանաստեղծություններում: