«Հակադրությունների խաղը» Նվիրվում է Պատրիսիա Մեյշին Այսօր ես և իմ աշակերտները խաղում էինք հակադրությունների խաղը: Գրատախտակին գրեցի Էմիլի Դիքինսոնի հետևյալ ցիտատը. «Իմ կյանքն ասես մի լիցքավորված ատրճանակ լիներ»: Հետո մի պահ դադար տվեցի, որ նրանք կարողանան ասել բառերի հականիշները: Իմ - քո, կյանք - մահ, լինել - չլինել, մի - բազմաթիվ, լիցքավորված - դատարկ, ատրճանակ… Ատրճանակ: Մի ակնթարթ, կայծակի լույսի ու ձայնի միջև դադարի նման, աշակերտները սևեռուն ինձ նայեցին, որին հաջորդեց պատասխանների տարափը. - Ծաղիկ, - ասաց մեկը: -Չէ, գիրք, - ասաց մյուսը: - Հիմարություն, - բացականչեց երրորդը, – ատրճանակի հակառակը բարձն է, կամ, ասենք գրկախառնությունը: Բայց ոչ գիրքը, հնարավոր չէ՝ գիրքը լինի: Այդ պահին բոլորը հավաքեցին իրենց մտքերն ու հանկարծ սկսեցին բղավել՝ մեկը մյուսին հերթ չտալով: Հնարավոր չէր ընդհանուր հայտարարի գալ. ամեն աշակերտի համար իր պատասխանը վերջնական էր. -Երգ է, աղոթք, ավելի ճիշտ՝ խոստում, ամուսնական մատանու պես, և հետո՝ երեխա: Կամ ո՞վ է ծնունդ ընդունողը, ինչպե՞ս են անվանում նրան: - Մանկաբարձուհի՞: - Հա՛, հա՛, մանկաբարձուհի: - Չէ՛, սխալ է: Դու այնքան սխալ ես, որ էլ երբեք ճիշտ չես լինի: Շշուկ է, աստղ է։ Ասես մեկի ձեռքին սիրո խոսքերն ասես, հետո ականջին դիպչես հակառակն անելու փոխարեն: - Գժվե՞լ ես: Ոնց որ Հիմարաստանի նախագահը լինես: Իսկը քեզ համար է, ե՞րբ են ընտրություններդ: - Փափուկ արջուկ է, թուր և ընտիր, կատարյալ դեղձ: - Վերադառնանք առաջինին: Ծաղիկ է, մի սպիտակ վարդ: Երբ զանգը հնչեց, վերցրի ջնջոցը, որ գրատախտակը մաքրեմ, բայց մի աղջիկ խլեց այն ձեռքիցս: - Ոչինչ դեռ որոշված չէ, - ասաց, - մենք դեռ չենք ավարտել: Ես բոլոր պատասխանները թողեցի գրատախտակին: Հաջորդ օրը նրանցից ոմանք իրար հետ չէին խոսում. խմբերի էին բաժանվել՝ ծաղկի խումբ, փիսիկի խումբ: Երկու տղաներ էլ իրենց կոչում էին «Ձնագնդեր»: Մյուսները հավատարիմ էին մնացել խաղի նախնական գաղափարին, այն է՝ բանաստեղծության պես մի բան գրել: - Ադամանդ է: Պար է: Ատրճանակի հակառակը ֆրանսիական մի թանգարան է: Լուսինն է, հայելի է, զանգի ձայնն է ու այն լսողը: Վեճը նոր թափ առավ, նորից աղմուկ, և ահա՝ ևս մեկ խումբ: Առաջին անգամ ես համարձակվեցի ուղղորդել նրանց: - Միգուցե բոլորդ ճիշտ եք,- ասացի: Դե, միգուցե: - Միգուցե այն ամենն է՝ ինչ ասացինք, և մնացածը, որ դեռ չենք ասել: Բառերն են, ու բառերի համար թողնված դատարկ տեղերը: Սկսեցին իրար նայել: Ամեն ինչն է այս սենյակի մեջ ու սենյակից դուրս, փողոցով մեկ ու երկնքում: Ամենքն են՝ դպրոցում ու առևտրի կենտրոնում, և հիվանդանոցում ու փոստային գրասենյակում իրենց հերթին սպասող բոլոր մարդիկ։ Ու, դե հա, ծաղիկ էլ է, բոլոր ծաղիկները, մի ամբողջ ծաղկանոց: Ատրճանակի հակառակն այն է, ինչին այն ուղղում ես: - Մի՛ գրեք դա գրատախտակին, - ասացին նրանք: - Պարզապես ասեք՝ «բանաստեղծություն»: Քո մահը կարտացոլվի բազմաթիվ «պարպված» բանաստեղծություններում: